Ո՞վ Հայաստանում կաթի ճար կանի. պարզաբանում է փորձագետը

Անասնաֆերմա. Արխիվային լուսանկար
Sputnik
Անասնաբուծության մի շարք ծանր, համակարգային խնդիրներ տարիներով չեն լուծվում։ Պետությունը միշտ չէ, որ պատրաստ է այդ լուծումների վրա միջոցներ ու ժամանակ ծախսել, բայց զարգացած երկրների փորձը վկայում է` հենց ֆերմերներն ու բիզնեսն են, որ հոգում են այդ ծախսերի մեծ մասը` իրենց վճարների դիմաց արդյունք պահանջելով։
Այս տարի Հայաստանում կտրուկ բարձրացել է ֆերմերային կաթի գինը. գործարաններն այն մթերում են նվազագույնը 220 դրամով։ Ընդ որում, սա առաջին դեպքն է երկար տարիների ընթացքում, երբ ամռանը` կաթի «պիկ» սեզոնին, այն ոչ թե էժանանում է, այլ` թանկանում։ Իհարկե, կաթը թանկացել է կաթի փոշուց հետո (որն աշխարհում թանկացել է, ինչպես և այլ պարենային ապրանքները)։ Սակայն անասնապահության և կաթի ոլորտում կան չլուծված խնդիրներ, որոնք կրկնապատկում են բոլոր արտաքին տատանումների սրությունը։ Դրանց պատճառով Հայաստանը թե՛ 2020-ից առաջ, թե՛ հիմա տարեկան 6-7 հազար տոննա կաթի փոշի է ներմուծում։
«Գյուղատնտեսության մի շարք պատասխանատուներ մեզ հավաստիացնում էին` շատ մոտ ապագայում երկրում այնքան շատ կաթ կլինի, որ չենք իմանա, թե ինչ անենք։ Որտե՞ղ են նրանք հիմա, և ո՞ւր է այդ կաթը։ Բայց մյուս կողմից, ինչու՞ մենք` ֆերմերներն ու բիզնեսը, չենք ինքնակազմակերպվում ու ամեն ինչ սպասում ենք պետական ու գրանտային ծրագրերից»,- ասում է Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը։

Որտեղից է կաթի պակասը

Հայաստանում կովերի միջին կաթնատվությունը տարեկան 2-2,5 հազար լիտր է՝ 3-4 անգամ պակաս, քան Եվրոպայում։ Պատճառները մի քանիսն են` անասնակերն ունի աղքատ բաղադրություն (չեն օգտագործվում սիլոս, վիտամինացված հավելումներ և այլն), անասունն արածեցնում են գերբեռնված ու մաշված արոտավայրերում (ենթակառուցվածքների պակասից` քիչ են օգտագործվում բարձր լեռնային արոտները), անասունը չի անցնում ցեղային բարելավում, երկրում քիչ են պահանջված արհեստավարժ անասնաբույժները (որոնք ժամանակին ոչ միայն բուժում, այլև պրոֆիլակտիկ աշխատանքներ կիրականացնեն)։
Այս խնդիրները լուծելու համար իրագործվել են տասնյակ ծրագրեր, դրանց մի մասը տվել է լավ տեղային արդյունքներ, բայց երկրի մակարդակով անասնաբուծությունը որակապես քիչ է փոխվել։ Այդուհանդերձ, ոլորտի ընկերությունները (էլ չասած` ֆերմերային տնտեսությունները) երբեք չեն փորձել այդ հարցերի լուծման համար միասին գումար ներդնել ու որևէ աշխատանք կազմակերպել։
Կաթի առումով Հայաստանն ինքնաբավ է, բայց... մասնագետները խոսել են խնդիրների մասին
Թվում է, թե ամեն մեկն իր գլխի ճարը ինքը պիտի տեսնի (ինքը որակով կեր առնի, ինքը մաքուր ու մեծ գոմ սարքի և այլն)։ Սակայն կան խնդիրներ, որոնք ոչ մի ֆերմեր, և անգամ ոչ մի խոշոր բիզնես, միայնակ չի լուծի։ Օրինակ` վերջնականացնել գյուղատնտեսական կենդանիների հաշվառումը, ինչը թույլ կտա ամբողջությամբ վերահսկել պատվաստումներն ու հիվանդությունների տարածումը։
Ոչ ոք չի կարող սեփական ուժերով հիմնել սելեկցիոն ինստիտուտ, որտեղ կհետազոտվի, թե ինչպես, բուծելով կամ խաչասերելով տարբեր ցեղատեսակներ, կարելի է ավելացնել կաթի մեջ սպիտակուցների տոկոսը։ Այս խնդիրները պահանջում են կա՛մ պետության, կա՛մ էլ ոլորտի շահառուների ինքնուրույն աշխատանք։
Օրինակ` Հայաստանում 10-15 տարի առաջ գործել ու հիմա ևս գործում է աջակցություն բարձր մթերատու տոհմային անասունների գնման համար։ Բայց ոչ ոք չի հետազոտում, թե որ կերն է օպտիմալ այդ կովերի համար, ինչպես դրանք ընտելացնել տեղական պայմաններին և այլն։

Ֆերմերի ձայնը

Բազմաթիվ զարգացած երկրներում այս և նման աշխատանքներն իրականացվում են հենց ոլորտի մասնակիցների ուժերով և անդամավճարներով։ Այդպես է ԱՄՆ-ում, որտեղ ֆերմերներին միավորում է Անասնաբույծների ազգային ասոցիացիան կամ Ֆրանսիայում, որտեղ գործում է Անասնաբուծության ազգային ինստիտուտը։ Վերջինիս կառավարման խորհրդում ներկա է գյուղնախարարության ներկայացուցիչ` վերահսկողության համար, սակայն հիմնական կառավարումն իրականացնում են անասնաբույծների ֆեդերացիաները և Ֆերմերների կոոպերատիվների ազգային խորհուրդը։ Նման կառույց գործում է նաև Իսրայելում (վերջինիս փորձը Գիգոյանը մանրամասն ուսումնասիրել է անձամբ)։
«Երբ ոլորտի խնդիրները լուծելու համար միավորվում և դրա համար վճարում են ոլորտի շահառուները, ապա առաջինը` ոչ ոք նրանցից շատ շահագրգռված չի լինի լուծել իմ թվարկած և այլ խնդիրները, և երկրորդը` նրանք բոլորը ձայնի իրավունք կունենան։ Եթե ֆերմերը իր գումարն է վճարել և անդամակցել է միությանը, ապա անդամակցության պայմանագրով կստանա վերահսկողության իրավունք, և ոչ մի օլիգարխ չի կարողանա նրա գումարը գրպանել և նրան լռեցնել»,- ասում է Գիգոյանը։
Այս դեպքում միության նախագահը կընտրվի ոչ թե ձևական, քանի որ այդ աշխատանքը թաքնված շահեր չի ակնկալի (նշենք, որ Գիգոյանն իր ներկայիս պաշտոնից եկամուտ չունի և զբաղվում է ձեռնարկատիրությամբ)։

Ինչ է մնում պետությանը

Այդպիսի ոլորտային միությունում կառավարության ներկայացուցիչը կմասնակցի որպես պետական շահերի ներկայացուցիչ։ Այստեղ էլ պետությունը պիտի լուծի մեկ այլ, տարիներով չլուծված խնդիր` մշակել պարենային անվտանգության ռազմավարություն, բայց ոչ թե ընդհանրական, այլ` գիտական հիմքով։ Այսինքն, ոչ միայն մոտավոր գրել, թե քանի տոննա կաթ, ցորեն կամ միս կարտադրվի, այլ նաև` թե որքան սննդանյութ դրանք պիտի պարունակեն կամ ինչ հողային ֆոնդ է պետք դրա համար։ Այստեղից էլ հարց կծագի` ինչ անել այն բազմաթիվ հողատարածքների հետ, որոնք տարիներով չեն օգտագործվում ու խանգարում են պարենային անվտանգությանը (երկրի վարելահողերի գրեթե կեսը չի օգտագործվում)։
Եթե պետությունը ձևակերպի, թե որքան սնունդ է անհրաժեշտ, ապա միությունը ֆերմերների համար կմշակի ուղեցույցներ` ասելով. «Ուզո՞ւմ ես մեկ կովից ստանալ տարեկան ոչ թե 2, այլ 5 հազար լիտր կաթ։ Ուրեմն պիտի անես սա, սա և սա»։ Իսկ քանի որ այդ ուղեցույցների համար ֆերմերը վճարել է, ապա դրանք նրա համար կլինեն ոչ թե գունավոր թղթի կտորներ, այլ իրական աշխատանքային ուղեցույցներ։ Եթե այնտեղ գրված լինի «ձմռանը պետք է ունենալ X տոննա սիլոս», ապա ֆերմերը կգա միություն և կասի. «Ինձ ասել եք` սիլոս է պետք, դե ասեք, որտեղից եմ գտնում»։
Միությունը կկարողանա հանձն առնել նաև չօգտագործվող հողերի խնդիրը, օրինակ` միջոցներ հատկացնել այդ հողերի վարձակալության ու մշակության համար, իսկ այնուհետև միության անդամներին նվազագույն շահույթով վաճառել ստացված բերքը (անասնակերի համար)։ Միասնաբար հնարավոր կլինի նաև վերականգնել սիլոսային կերերի արտադրությունը, այդ թվում` վերակառուցել սիլոսային աշտարակները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո ավերվել են։ Սրանք տեսական օրինակներ են, իսկ գործնականում միությունը, մասնագիտական կարծիքներն ի մի բերելով, որոշումներ կկայացնի։