Շրի Լանկայի նախագահը հեռացել է երկրից, ԱԺ նախագահը հրաժարվել է ղեկավարել երկիրը

Շրի Լանկա
Քաղաքական կուսակցությունների առաջնորդները հրատապ խորհրդակցության ժամանակ վարչապետին և պետության նախագահին հորդորել են հրաժարական տալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Շրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենան հրաժարվել է երկրի ժամանակավոր նախագահ դառնալ։ Այս մասին հայտարարել է «Շրի Լանկայի մահմեդական կոնգրես» կուսակցության ղեկավար Ռաուֆ Հաքիմը։
Մինչ այդ վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեն կուսակցությունների առաջնորդների արտահերթ նիստ է հրավիրել (ոմանք, այդ թվում՝ վարչապետը, մասնակցել են Zoom-ի միջոցով): Մի խումբ պատգամավորներ նախագահին հորդորել են հրաժարական տալ։ Սահմանադրության համաձայն՝ երկրի ժամանակավոր նախագահ պետք է դառնար խորհրդարանի նախագահը։
Այսօր Շրի Լանկայի մայրաքաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպվել։ Նախատեսված խաղաղ երթի փոխարեն ցուցարարները ճեղքել են ոստիկանական պատնեշն ու գրավել նախագահի նստավայրը։ Ցույցերի հետևանքով տուժել է առնվազն 40 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան։
Նախագահ Գոտաբայա Ռաջապակսային տարհանել են, ըստ լրատվամիջոցների` նա ինքնաթիռով հեռացել է երկրից։
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարները տակնուվրա անում նախագահի անձնական իրերը, պառկում նրա մահճակալին և ուտում պետության ղեկավարի սեղանի մոտ:
Շրի Լանկան այժմ տնտեսական ծանր ճգնաժամի մեջ է. երկրում պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, դեղորայքի և գազի պակաս կա։ Կորոնավիրուսը հարվածել է զբոսաշրջությանը, որն արտարժույթի առանցքային աղբյուրն է, ինչի հետևանքով իշխանությունները չեն կարողանում բավարար վառելիք գնել: Պետության արտաքին պարտքը 51 մլրդ դոլար է գնահատվում։
Շրի Լանկայում բախումների հետևանքով յոթ մարդ է մահացել, հարյուրավոր տուժածներ կան