Ռուբեն Վարդազարյանը հարցաքննվել է. «Ժողովուրդ»

Ռուբեն Վարդազարյան
Քննչական կոմիտեի քննիչը Ռուբեն Վարդազարյանին խնդրել է տրամադրել աղմկահարույց ձայնագրության ամբողջական տարբերակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցաքննել են։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հիման վրա քրեական վարույթ է սկսվել։
Ըստ թերթի` քրգործի շրջանակում երեկ ՀՀ քննչական կոմիտեն Ռուբեն Վարդազարյանին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության:
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔԿ-ի քննիչը Ռուբեն Վարդազարյանին խնդրել է տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը հրաժարվել է»,- գրում է թերթը:
Վարդազարյանը պարբերականի հետ զրույցում հաստատել է, որ հարցաքննվել է:

«Ինձ ասել են՝ ներկայացնեմ ձայնագրության ամբողջական տարբերակը, իսկ ես պատասխանել եմ, որ ոչ մի դեպքում այն չեմ տրամադրի»,- ասել է Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, որում մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։
Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։
Նշենք, որ ավելի վաղ Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ` պահանջելով հետաձգել ԲԴԽ նախագահի ընտրությունները։ Մինչդեռ ԲԴԽ-ն որոշում էր կայացրել Վարդազարյանին զրկել դատավորի և ԲԴԽ նախագահի լիազորություններից, իսկ Ռուբեն Վարդազարյանն ու նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանը հայտնել էին, որ բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ։
Հունիսի 23-ին հայտնի դարձավ` Վարդազարյանի լիազորությունները որպես դատավոր դադարեցվում են էական կարգապահական խախտման հիմքով։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն էլ հուլիսի 1-ին հրաժարական ներկայացրեց։