Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները մեկնարկեցին. Ծառուկյանը ներկայացրեց իր ծրագրերը

Գագիկ Ծառուկյան
Չնայած լրագրողների բոլոր հորդորներին ու հարցադրումներին՝ Ծառուկյանը չասաց, թե որքան գումար է նախատեսում ծախսել հուշարձանային համալիրի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. 2528 մ բարձրությամբ Հատիս լեռան վրա մեկնարկեցին Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքները:

«Ցանկացանք այնպիսի տեղ կառուցել, որ Հայաստանի որ անկյունից էլ նայես, երևա, ինչպես Բրազիլիայում է։ Ամենակարևորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել»,- ասաց գործարար Գագիկ Ծառուկյանը, որը նախաձեռնության հեղինակն է։

Մոտ մեկ շաբաթում Հատիս լեռ տանող 8-9 կիլոմետրանոց ճանապարհ է փորվել, հենց այդ ճանապարհով էլ անցան բոլոր հյուրերը, հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Տեղում նաև ճոպանուղի է կառուցվելու։
«Այն տեմպով, որով այդ հսկա ճանապարհն է բացվել, կընթանան նաև մնացած աշխատանքները»,- հավաստիացրեց Ծառուկյանը՝ ավելացնելով, որ աշխատանքների ավարտը կազդարարվի երեք տարի հետո:
Նրա խոսքով` հուշարձանային համալիրի տարածքում կլինի թանգարան, որտեղ կներկայացվեն ցուցանմուշներ՝ կապված Քրիստոսի կյանքի, ծննդյան և հարության հետ։ «Համալիրի տարածքը կկանաչապատվի, կլինեն հյուրանոցների ու սրճարանների համար նախատեսված գոտիներ»,- ասաց նա։
Չնայած լրագրողների բոլոր հորդորներին ու հարցադրումներին՝ Ծառուկյանը չասաց, թե որքան գումար է նախատեսում ծախսել հուշարձանային համալիրի վրա։ Հիմնարկեքի արարողությանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հիշեցնենք` Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել` նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ` միայն արձանի բարձրությունը (առանց պատվանդանի) պետք է լինի 33 մետր։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` Գագիկ Ծառուկյանին հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն եկեղեցու դիրքորոշումը Ծառուկյանին հետ չպահեց իր մտքից, ավելին` նա ի պատասխան 3 հակափաստարկ ներկայացրեց ու շարունակեց նախագծի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը: Ավելին` Փաշինյանը պետական կառավարման մարմիններին հանձնարարեց սեղմ ժամկետում ընդունել ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են նախաձեռնությունը իրականացնելու համար: