Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, հակամարտությունը կարգավորված չէ. Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հունական «Կատիմերինի» պարբերականին
ՀՀ արտգործնախարարի խոսքով` հիմա, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի դադարում գոյություն ունենալ միայն այն պատճառով, որ կողմերից մեկը հայտարարում է, թե այն գոյություն չունի, դա ինքնախաբեություն է։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում։
Նա նշել է` չնայած ադրբեջանական իշխանությունների պնդումներին, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղը որպես սուբյեկտ այլևս գոյություն չունի, և որ հակամարտությունն ավարտված է, իրականությունն ու միջազգային հանրության դիրքորոշումը հակառակն են ապացուցում։

«Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, գոյություն ունի իր հայ բնակչությամբ, որը շարունակում է ապրել իր նախնիների հողում, և որի անվտանգությունն այժմ ապահովում են ռուս խաղաղապահները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որով դադարեցվեց ավերիչ պատերազմը»,- ասել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ բազմաթիվ միջազգային գործընկերների և կազմակերպությունների, այդ թվում՝ միջնորդ երկրների պաշտոնական հայտարարությունները նույնպես հստակ ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս վերջնական կարգավորում պետք է ստանա բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
«Կարգավորում, որը կերաշխավորի արցախահայության անվտանգությունը և բոլոր իրավունքների պաշտպանությունը և, համապատասխանաբար, դրանից բխող Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է նա։
Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողությունը կարո՞ղ է ազդել Հարավային Կովկասում դիվանագիտական զարգացումների վրա։ Միրզոյանը նշել է, որ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն:
Նախարարի խոսքով` մինչ Հայաստանը ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն»,- ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով` այժմ, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ անել։ Ուստի չափազանց կարևոր է, որ միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար։