Ինչ է ակնկալում ՀՀ-ն. Միրզոյանը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը (12 մարտի, 2022թ). Անթալիա
ՀՀ արտգործնախարարի կարծիքով` չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` 2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։

«Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն»,- ասել է Միրզոյանը։

Նախարարի կարծիքով` չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։
Նա ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։
Միրզոյանի խոսքով` ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ Հայաստանը ակնկալում է նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` Միրզոյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը Թուրքիան միակողմանի փակել էր դեռևս 1993 թվականին։
Նա հիշեցրել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև արդեն 4 հանդիպում է կայացել։
«Այդ գործընթացին դրական դինամիկա հաղորդելու համար ես ընդունեցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու Թուրքիայի արտգործնախարարի հրավերը և հանդիպում ունեցա նրա հետ ֆորումի շրջանակում»,- ասել է Միրզոյանը։
Նա վստահ է, որ գործընթացում հաջողելու համար անհրաժեշտ է հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն և քաղաքական կամք։

«Հայկական կողմը բազմիցս ի ցույց է դրել երկուսն էլ, և մենք նույնը ակնկալում ենք թուրքական կողմից»,- նշել է արտգործնախարարը։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։