ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «ՀայՓոստ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը հուլիսի 24–ին կլքի պաշտոնը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Նշենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ Հայկ Կարապետյանն արդեն ազատվել է աշխատանքից, և այդ որոշման պատճառը չարաշահումների և կոռուպցիայի կասկածն է, որի մասին տեղեկացել է «վերադասը»։
Կարապետյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Ինչքան Իլոն Մասկը կապ ունի ոչխարաբուծության հետ, այդքան էլ Հայկ Կարապետյանը կապ ունի կոռուպցիայի և չարաշահման հետ»,– գրել է նա։
Կարապետյանի խոսքով` երկու տարի առաջ իրեն հրավիրել են գլխավորելու «ՀայՓոստը», որպեսզի իրականացնի ընկերության թվային տրանսֆորմացիան։
«Դա ես բարեհաջող իրականացրել եմ։ Պատրաստվում էի «HayPost+» հավելվածի մեկնարկի օրը նաև հայտարարել «ՀայՓոստում» իմ գլխավորած տրանսֆորմացիոն փուլի ավարտի մասին, սակայն ինձնից առաջ ընկան․․․»,– նշել է նա։
Կիրակոսյանը բոլորին հրավիրել է «HayPost+» հավելվածի մեկնարկին նվիրված հատուկ համերգային ծրագրին, որը տեղի կունենա հուլիսի 20-ին` ժամը 19:30-ին, Սիզնս այգում։