«FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է. Անանյանը հայտնել է պատճառը

«FlyOne Armenia»–ի ինքնաթիռ
Արամ Անանյանը ներողություն է խնդրել ավիաընկերության աշխատակցի վարքագծի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. «FlyOne Armenia»-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը չեղարկվել է օդանավի հրամանատարի որոշմամբ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Օդանավի հրամանատարը, տեսնելով որոշակի տարբերություններ օդանավի տվյալների տվիչների մեջ, որոշել է դադարեցնել չվերթը։ Կարծում ենք` դա ճիշտ և հիմնավորված որոշում է։ Տեղի ունեցածի վերաբերյալ իրազեկվել են ՀՀ ավիացիոն իշխանությունները, և մի քանի ժամ անց չվերթը տեղի կունենա»,- ասել է Անանյանը։
Միաժամանակ նա ներողություն է խնդրել ավիաընկերության աշխատակցի վարքագծի համար, որը կոպիտ է վարվել ուղևորների հետ։
Դատելով «Զվարթնոց» օդանավակայանի կայքից՝ ընկերության ինքնաթիռը, այնուամենայնիվ, Ստամբուլ է մեկնել այսօր առավոտյան՝ ժամը 08:03-ին, թեև թռիչքը նախատեսված էր հուլիսի 8-ին՝ ժամը 18:10-ին։
Հիշեցնենք` ավիաընկերությունը սկսել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնել այս տարվա փետրվարի 2-ից շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:
«Flyone Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։