ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն չպետք է թերագնահատի Պեկինի` ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականությունը։ G20-ի արտգործնախարարների նիստի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։
«Վան Ին պարզաբանել է Թայվանի հարցի վերաբերյալ Չինաստանի կոշտ դիրքորոշումը, ԱՄՆ-ից պահանջել է զգույշ լինել հայտարարություններում և գործողություններում, ոչ մի դեպքում կեղծ ազդակներ չուղղել Թայվանի անկախության օգտին հանդես եկող ուժերին և չթերագնահատել պետական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու չինացիների անսասան վճռականությունը»,- ասված է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հերքել է Հոնկոնգի, Սինցզյանի և ծովային հարցերի վերաբերյալ ամերիկյան կողմի «որոշակիորեն սխալ» տեսակետը:
Բլինկենը և Վան Ին քննարկել են նաև ուկրաինական ճգնաժամը, Կորեական թերակղզու իրադրությունը, պայմանավորվել են ամրապնդել հանրային առողջապահության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությունը: