ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն Ուկրաինային շուրջ 368 մլն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն կհատկացնի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Լրացուցիչ ֆինանսավորումը, որի 288 մլն դոլարը տրամադրում է Պետդեպարտամենտը, ավելի քան 80 մլն դոլարը` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), կհատկացվի պարենի, անվտանգ խմելու ջրի, դրամական աջակցության, պաշտպանության, մատչելի բնակարանի, արտակարգ բժշկական օգնության, լոգիստիկայի եւ հումանիտար համակարգման համար», - ասել է նա:
Փետրվարից ի վեր, երբ սկսվեց ռուսական ռազմական հատուկ գործողությունը, ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի քան 1,28 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն է ցուցաբերել:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 136-րդ օրը։