Զալցբուրգի համալսարանը կրթաթոշակներ է սահմանել Արցախի մշակույթն ուսումնասիրողների համար

Դադիվանք
Նախագծերը պետք է հիմնված լինեն արխիվային կամ դաշտային աշխատանքի, արդի գիտական մոտեցումների ու տեսությունների վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Ավստրիայի Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական արևելքի ուսումնասիրությունների կենտրոնի հայագիտության բաժինը բաժնի վարիչ, հայագետ Ժասմին Դում-Թրագուտի նախաձեռնությամբ կրթաթոշակներ է սահմանել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունն ուսումնասիրող հետազոտողների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Արցախի մշակույթի և արվեստի պատմությանը վերաբերող թեմաները՝ առանձնահատուկ շեշտադրելով նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը վերաբերող հարցերը։
Կրթաթոշակի առավելագույն գումարը 3000 եվրո է: Դրամաշնորհի շրջանակում հնարավոր է կազմակերպել նաև կարճաժամկետ կացություն Զալցբուրգում։
«Արցախի մշակութային հոգևոր ժառանգության վրա կենտրոնացած հայագիտական հետազոտությունների դրամաշնորհների» հայտերի ընդունման ժամկետը մեկնարկել է հուլիսի 1-ից, իսկ վերջնաժամկետը 2022 թվականի հոկտեմբերի 1-ն է։ Ծրագիրը կմեկնարկի 2023 թ–ի գարնանը։
Հետազոտությունների շրջանակն ընդգրկում է հայագիտության ցանկացած բնագավառ (լեզու, պատմություն, մշակույթ, արվեստ, աստվածաբանություն, ազգագրություն, հնագիտություն և այլն): Հատկապես ողջունելի են պատմական և համեմատական լեզվաբանությունը, տարածքային լեզվաբանությունը, կոնտակտային լեզվաբանությունը, բարբառագիտությունը, ազգագրությունը, արվեստն ու ճարտարապետությունը, ձեռագրերի ուսումնասիրությունը, հնագիտությունը, միջնադարյան պատմությունը, վաղ ժամանակակից պատմությունը, աստվածաբանությունը, կրոնագիտությունն ու ոլորտին սերտորեն կապված այլ առարկաներ:
Նախագծերը պետք է հիմնված լինեն արխիվային կամ դաշտային աշխատանքի, արդի գիտական մոտեցումների ու տեսությունների վրա:
Նախագծերի արդյունքը պետք է լինի հետազոտության գիտական հրապարակումը։