ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ «ՀՀ ՊԵԿ–ի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն է ստորագրել:
Բադասյանն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ փաստաթուղթը ստորագրվել է Թբիլիսիում։
Նշվում է, որ նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել էր աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն ընդգծել էին Հայաստանի ու Վրաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարևորությունը։