Ռուբինյանը Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի դեսպաններին պատմել է Քըլըչի հետ հանդիպման մասին

ԱԺ փոխնախագահը մեկնաբանել է զարգացումները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
«Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումները։ Խոսել է նաև հատուկ ներկայացուցիչների վերջին` 4-րդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների մասին»,– նշված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր:
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի դեսպաններին
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, երկրորդն ու երրորդը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։