Քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը ներկայացրել են Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյան
Նոր մոդելը մշակվել է միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից ելնելով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել դատաիրավական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Փաշինյանին է ներկայացվել քրեակատարողական նոր հիմնարկի կառուցման նախագիծը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել են առաջարկվող մոդելի մանրամասները և նշել, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի և չափանիշների ուսումնասիրության հիման վրա՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունից ելնելով:
Անդրադարձ է եղել առաջարկվող կառուցվածքային լուծումներին, աշխատանքային, շենքային ու կենցաղային պայմաններին, նախագծի ֆինանսական գնահատականին:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսվում էր մինչև 2023 թվականը փակել «Նուբարաշեն» ՔԿՀ–ն ու Երևանի տարածքում նոր հիմնարկ կառուցել։ Սակայն կորոնավիրուսի համավարակի և 44-օրյա պատերազմի պատճառով ծրագրի իրագործումը ժամանակավորապես առկախվել էր։