ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն անհատույց կերպով կարող են տրամադրվել երեխա չունեցող զույգին կամ չամուսնացած կնոջը։ Կառավարությունը հունիսի 30-ին հաստատեց սաղմի անհատույց տրամադրման կարգն ու պայմանները։ Ի՞նչ է նշանակում «ավելորդ սաղմ»-ը, և որքանո՞վ են զույգերը պատրաստ նվիրաբերել այն. թեմայի շրջանակում զրուցել ենք կանանց և ոլորտի մասնագետի հետ։
Ոչնչացվելու փոխարեն նոր կյանք
ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ արտամարմնային բեղմնավորման եղանակով բուժօգնություն ստանալիս զույգերի մոտ մի քանի սաղմ է ստացվում։ Դրանցից որոշներն օգտագործվում է հենց զույգի համար, իսկ մյուսները կարող են սառեցվել և տարիներով պահպանվել։ Երբ զույգը հղիանում, երեխա է ունենում, մյուս սաղմերը կարող են նվիրաբերել մեկ այլ զույգի կամ կնոջ։
«Սովորաբար այդ ավելորդ սաղմերը թափոնացվում էին, իսկ հիմա զույգը, որն արդեն կարողացել է երեխա ունենալ, պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Կա երեք ճանապարհ` զույգը կարող է սաղմերն անհատույց տրամադրել ԲԿ-ին, որպեսզի այն որևէ զույգի կամ կնոջ ներպատվաստեն, որը չունի բեղմնունակ սեռաբջիջ` ո՛չ ձվաբջիջ, ո՛չ էլ սերմնաբջիջ։ Բացի այդ, զույգը կարող է վճարել, և սաղմը որոշ ժամանակ կմնա սառնարանում, կամ էլ պետք է որոշի դրանք ոչնչացնել»,–ասաց Փաշայանը։
Երբեմն զույգն ուզում է երկրորդ և երրորդ երեխա ունենալ, ինչի համար էլ կարող է սառեցնել սաղմը և տարիներ հետո նորից ծնող դառնալ։ Իսկ սաղմի պահպանման համար զույգը վճարում է, քանի որ դա ծախսատար և տեխնիկապես բարդ պրոցես է։ Բայց երբ սաղմը որոշում են նվիրել մեկ ուրիշի, ապա դրա պահպանման ծախսերը հոգում է բուժկենտրոնը։
Սաղմերը նվիրելու համար ռեցիպիենտի (չամուսնացած կինը կամ զույգը, որին փոխանցում են սաղմերը) և դոնորի (զույգը, որը տրամադրում է սաղմը), ինչպես նաև բուժկենտրոնի միջև պետք է համաձայնագիր ստորագրվի, որը հաստատվում է նոտարով։ Նոտարական ծախսը` տուրքը, սաղմը տեղադրելուց հետո պետք է հոգա ռեցիպիենտը։ Պարտադիր պայման է, որ ռեցիպիենտը և դոնորը չճանաչեն իրար, որպեսզի խուսափեն հետագա տհաճ իրավիճակներից։
«Կենսաբանական ծնողը չպետք է ռեցիպիենտի ով լինելն իմանալու հնարավորություն ունենա, գաղտնիությունը պետք է լիովին ապահովված լինի։ Բացի այդ, դոնորը պարտավորվում է երբևիցե չփնտրել նրան, ում տրամադրվել է սաղմը։ Ի դեպ, համաձայնագիրը կնքելուց հետո 3 ամիս սաղմերին դեռ ձեռք չեն տալիս, քանի որ զույգն այդ ընթացքում կարող է համաձայնագիրը հետ վերցնել»,- ասաց Փաշայանը։
Բացի այդ, ռեցիպիենտին հնարավորություն է տրվելու ընտրել կազմակերպությունում առկա սաղմերից ըստ իր նախընտրած չափանիշների` դոնորի տարիք, կրթություն, կարգավիճակ, առողջական վիճակ հաշվի առնելով։ Ռեցիպիենտն իր ցանկությամբ կարող է սաղմի գենետիկական փորձաքննություն կատարել իր միջոցներով։
Սոցցանցերում մտահոգություն էր հնչել, թե հնարավոր է` տարիներ անց նույն անձի տարբեր սաղմերից ծնված երեխաները հետագայում ամուսնանան։ Սակայն Փաշայանը վստահեցնում է` նման դեպքի հավանականությունը զրոյի է հասցվել. մեկ դոնորի սաղմերը տրամադրվելու են մեկ ռեցիպիենտի, այլ ոչ թե տարբեր անձանց, իսկ ավելացած սաղմերը կա՛մ կպահպանվեն երկրորդ նույն անձի ցանկությամբ երեխա ունենալու համար, կա՛մ կոչնչացվեն։
Կանայք տարակարծիք են
37-ամյա Նարինեն արտամարմնային բեղմնավորման մեթոդի է դիմել, իսկ վերջերս էլ արդեն մայրացել է։ Մի քանի տարի «տանջվել» է, մինչև հղիացել է։
«Ամեն անգամ, երբ բժշկի էի գնում և տեսնում կանանց հերթը, մտքում աղոթում էի, որ բոլորը կարողանան երեխա ունենալ։ Ընդհանրապես ծանր բան է սպասել մայրանալուն, երբ կան բազմաթիվ մայրեր, որոնք երեխայի արժեքը չգիտեն։ Քանի որ ես անցել եմ այս ամենի միջով, դրա համար էլ ավելացած սաղմերը սիրով կտայի մեկ ուրիշին` ինձ հետ հերթի մեջ սպասող կանանցից յուրաքանչյուրին»,–ասում է Նարինեն` հավելելով, որ միայն այն մտքից, որ մեկ ուրիշն էլ վայելում է մայր լինելու այն երջանկությունը, ինչ ինքը, արդեն իսկ իրեն լավ կզգար։
Սեդան, որը նույնպես նույն մեթոդով է փոքրիկ ունեցել, այլ կարծիք ունի։ Ասում է` տարիներ հետո խղճի խայթ է զգալու և սկսելու է երեխային փնտրել։ «Ամեն մեկը տարբեր պատկերացումներ ունի։ Ես չէի կարող նման քայլի դիմել։ Ճիշտ է` մայրը, որին տրամադրելու են սաղմը, 9 ամիս իր կրծքի տակ է կրելու երեխային, բայց փոքրիկի մեջ իմ մի մասնիկն է լինելու, և վստահ չեմ, որ տարիներ անց չեմ փոշմանի արածիս համար։ Հասկանում եմ, որ կնոջ համար մայրանալը կարևոր բան է։ Ես էլ 3 տարի սպասել եմ այդ պահին, հաշվել ամեն օրը, բայց, միևնույն է, չեմ կարող»,–նշում է նա։
Սեդան նաև մտավախություն ունի` արդյոք այն կինը, որին տրամադրելու են սաղմը, երեխային լավ կնայի՞, սոցիալապես ապահո՞վ է...
46-ամյա Ռուզաննան (անունը փոխված է) ամուսնացած չէ և որոշել է երեխա ունենալ։ Ասում է` մինչ այս անընդհատ մտածում էր երեխա ունենալու մասին, բայց քանի դեռ սոցիալական վիճակը կայուն չէր, որոշել էր սպասել։ Նրա խոսքով` մեր հասարակության մեջ դեռ դժվար է միայնակ կնոջ համար երեխա ունենալը, քանի որ բացի հարևան-բարեկամների նյարդայնացնող հարցերից, կա նաև մյուս կողմը` որևէ աշխատանք հարմարեցված չէ կերակրող մոր համար, չնայած օրենքով ինչ–ինչ կարգավորումներ կան։
«Դու պետք է կա՛մ արհեստական կեր տաս երեխայիդ և աշխատես, կա՛մ էլ չաշխատես և պահես երեխայիդ։ Ես գտել եմ լուծումը` երկու տեղ էի աշխատում և գումար եմ կուտակել, որով կկարողանամ 1 տարի ապրել. տնից թեթև գրաֆիկով կաշխատեմ ու կխնամեմ փոքրիկիս։ Ամենադժվար որոշումն արդեն կայացրել եմ` անպայման պետք է մայրանամ։ Առհասարակ կնոջ համար դրանից կարևոր բան չկա այս կյանքում»,– ասում է Ռուզաննան։
Եթե սաղմերը նվիրելու ծրագրի իրագործումը շատ չուշանա, նա հենց այդ մեթոդին էլ կդիմի, առավել ևս եթե անվճար է։ Ու եթե հնարավորություն ունենար, ինքն էլ մեկ ուրիշ զույգին կօգներ. Ռուզաննան կարծում է, որ երեխա ունենալու ցանկություն հայտնածներին սաղմ տրամադրելը չպետք է մտածելու տեղիք տա։
Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման արդյունքում առաջին երեխաները (եռյակ) Հայաստանում ծնվել են 2004 թվականի փետրվարի 5-ին։ ՀՀ-ում դա վճարովի ծառայություն է, որի արժեքը տատանվում է 2000-5000 դոլարի սահմանում։ Սակայն գոյություն ունի պետական ծրագիր, որի շրջանակում մի քանի խմբեր կարող են արտամարմնային բեղմնավորում անցնել պետական ֆինանսավորմամբ: