ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Միքայել Շխիմյանը։
«Ծանր հանցանքի մեջ «մեղադրվող» շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող մեր վստահորդը՝ Գոռ Համբարձումյանը, դատարանի որոշմամբ հենց նոր ազատ արձակվեց»,– գրել է նա` հրապարակելով Համբարձումյանի` կալանավայրից դուրս գալու պահին արված լուսանկարը։
Գոռ Համբարձումյանը և ևս մեկ անձ մեղադրվում են պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։
Ինչպես արդեն հայտնել էինք, Մասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն:
Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչներն ամենօրյա ռեժիմով վերոնշյալ մարմնավաճառներից պահանջել են գումար: 39-ամյա տղամարդը ինչպես անձամբ, այնպես էլ մարմնավաճառներից մեկի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ ստացել է պոռնկությամբ զբաղվելու ընթացքում ստացված գումարը, որի մի մասն էլ իր հերթին պարբերաբար փոխանցել է Գոռ Համբարձումյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Հիշեցնենք, որ Գոռ Համբարձումյանը մեղադրվում է նաև մեկ այլ քրեական գործով: Նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածով։ Մասնավորապես Համբարձումյանը 2018 թվականի իշխանափոխության օրերին Կորյուն-Հերացի խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներին հայհոյել էր, ինչպես նաև փորձել էր բռնի ուժով դուրս հանել փողոցից՝ հարվածելով նրանց: