Լավրովն ու Բլինկենը մեկնաբանել են Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձը

Սինձո Աբե
Ռուսաստանի արտգործնախարարը Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ մահափորձի մասին իմացել է G20-ի նիստի ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ցավում է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրագործվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Չգիտեմ` այս մահափորձի հետևում ինչ կա, ես այդ մասին իմացա G20-ի նիստի ժամանակ: Առաջինն էի, որ իմ ելույթը սկսեցի` ափսոսանք հայտնելով ճապոնացի գործընկերոջ դեմ կատարվածի կապակցությամբ»,- ասել է նա:
Ըստ The Times of India-ի` մահափորձին անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Շատ, անչափ տխուր պահ է... Մեր մտքերը, մեր աղոթքները նրա հետ են, նրա ընտանիքի, Ճապոնիայի ժողովրդի հետ»,- ասել է Բլինկենը լրագրողներին։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն խորապես վշտացած ու մտահոգված է։ Դիվանագետը նշել է, որ չգիտի` ինչ վիճակում է Ճապոնիայի նախկին վարչապետը։
Հիշեցնենք` Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցում Սինձո Աբեի դեմ մահափորձ է իրագործվել։ Նախկին ծովագնաց, 41-ամյա Տեցույա Յամագամին երկու անգամ կրակել է հետևից։ Աբեն հրազենային վնասվածք է ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում։
Կրակոցներից անմիջապես հետո նա գիտակցությունը չի կորցրել, բայց կարճ ժամանակ անց վիճակը կտրուկ վատացել է։ Այժմ Սինձո Աբեն Նարայի պրեֆեկտուրայի համալսարանի հիվանդանոցում է:
Ճապոնական լրատվամիջոցները հայտնում են, որ կրակողը երեք տարի (մինչև 2005 թվականը) ծառայել է երկրի ռազմածովային ուժերում։