Կարևոր է ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև. ՏԿԵ փոխնախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ-ի առևտրային հարցերով նախարարի խորհրդական, Եվրասիայում ԱՄՆ առևտրային ծառայության խորհրդական Հեդեր Բրնեսի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի պատասխանատու Բենջամին Բրնեսի հետ
ՏԿԵ նախարարի տեղակալը ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, դժվարությունները, բարեփոխումների անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Կարևոր է ունենալ ուղիղ օդային կապ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև։ Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտարարել է ԱՄՆ-ի առևտրային հարցերով նախարարի խորհրդական, Եվրասիայում ԱՄՆ առևտրային ծառայության խորհրդական Հեդեր Բրնեսի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի պատասխանատու Բենջամին Բրնեսի հետ հանդիպման ժամանակ։

Նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները, դժվարությունները, բարեփոխումների անհրաժեշտությունը, ոլորտում կառավարության առաջնահերթությունները, նաև առավելությունները, որպիսիք կարող է ունենալ Հայաստանը որպես տարանցիկ երկիր։

Հեդեր Բրնեսին իր հերթին հետաքրքրվել է Լարսի ճանապարհահատվածի խնդիրներով, այդ ճանապարհի այլընտրանքի հնարավորության, «Հյուսիս-հարավ» ճանապարհի, Հայաստանի երկաթուղային ոլորտի առկա հնարավորությունների, երկաթուղու հետագա զարգացման ռազմավարության, օդային ճանապարհով բեռնափոխադրումներ կազմակերպելու և կարևոր այլ հարցերի մասին։
ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ շատ ընկերությունների հետաքրքիր է Հայաստանում ներկայացված լինելու գաղափարը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ևս մեկ հանդիպում՝ ավելի առարկայական քննարկելու բարձրացված հարցերն ու խնդիրները։