«Կանաչու շուկա». հետախուզվողը զբաղվել է 1 մլրդ դրամը գերազանցող թմրաշրջանառությամբ

ՀՀ քաղաքացի Դ.Ք.-ն այժմ մշտական բնակություն է հաստատել արտերկրում, իսկ ապօրինի գործունեության համար նա ստեղծել է հանցավոր խումբ ու դրանում ներգրավել ավելի քան 10 անձի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ Telegram ալիքների միջոցով, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խումբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Նախաքննությամբ պարզվել է, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով Telegram-ում ստեղծել և 2019-2022թթ. ընթացքում կառավարել է ավելի քան 20.000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավելի խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քաղաքացին թմրամիջոցների վաճառքով զբաղվելու համար ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավելով ավելի քան 10 անձանց, որոնց միջև կատարել է հստակ դերաբաշխում։
Թմրամիջոցի ապօրինի աճեցման, պատրաստման, պահելու և փոխադրելու համար նա խմբի կազմում ընդգրկել է Հ. Լ.-ին, Ա. Մ.-ին, Ա. Օ.-ին և գործով չպարզված այլ անձանց: Telegram-ի նշված ալիքներում թմրամիջոցներն ապօրինի իրացնելու նպատակով նա հանցավոր խմբում ընդգրկել է Դ. Մ.-ին:
Համաձայն հաղորդագրության` վերջինս նույն ալիքում, թմրամիջոց վաճառելու նպատակով, օգտագործել է իր «BOB Marley» անվամբ էջը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում ստացված գումարներն օրինական շրջանառության դաշտ բերելու նպատակով խմբի կազմում ընդգրկել է կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Գ.Գ.-ին: Այդ ընթացքում նրան պատկանող էլեկտրոնային դրամապանակների շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ ՀՀ դրամը:
«Սերժի Վաչոյից» և նրան փոխկապակցված 4 անձից 8 մլրդ դրամի ապօրինի գույք են ուզում վերցնել
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 6 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի տարբեր մասերով, որոնցից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց, օգտագործված վճարային գործիքները, հանցավոր գործունեությունից ստացված և օրինականացված գույքի ամբողջական չափերը պարզելու նպատակով։