Համաշխարհային ռեկորդ` համաշխարհային գնաճի հաշվին. առևտրաշրջանառությունն աճել է 1 տրիլիոնով

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովում հրապարակված զեկույցում նաև ապագայի որոշ կանխատեսումներ են արվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. 2022 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային առևտրաշրջանառությունը ռեկորդային չափերի է հասել` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 1 տրիլիոն դոլարով ու հասնելով 7,7 տրիլիոնի։
Այս մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության Առևտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) հրապարակած զեկույցում։
Ռեկորդային աճը, սակայն, ըստ նույն զեկույցում բերվող հիմնավորումների, պայմանավորված է ոչ թե առևտրի ծավալի աճով, այլ համաշխարհային գների բարձրացմամբ։ «Ուկրաինայի պատերազմը սկսում է ազդել միջազգային առևտրի վրա՝ հիմնականում գների աճի հաշվին»,- ասվում է զեկույցում։
Ըստ գնահատականների, տարվա առաջին եռամսյակում հատկապես մեծ է եղել էներգակիրների գների աճը։ Միջինից բարձր են եղել նաև մետաղների և քիմիական արդյունաբերության ոլորտների արտադրանքի գները։
Իսկ տրանսպորտի և կապի սարքավորումների ոլորտներում համաշխարհային գները ու նաև դրանից կախված միջազգային առևտրի դոլարային ցուցանիշը մնացել են 2021 և 2019 թվականների մակարդակից էլ ցածր:
2022 թվականի մնացած հատվածում զեկույցի հեղինակները տնտեսական աճի դանդաղում են կանխատեսում` կախված բարձր տոկոսադրույքներից, գնաճային ճնշումներից ու առանձին երկրների տնտեսություններում պարտքի կայունության նկատմամբ առկա մտահոգություններից։
Համաշխարհային առևտրի վրա 2022թ-ին կազդեն նաև գլոբալ մատակարարման շղթաներում առաջացած խնդիրներն ու տարածաշրջանայնացման (ռեգիոնալացման) միտումները։