Եվրոպան փորձում է փոխարինել ռուսական էներգակիրները, ինչը հանգեցնում է գների բարձրացման

Վլադիմիր Պուտին
Չնայած ՌԴ–ի դեմ կիրառված սահմանափակումներին` Ռուսաստանի վառելիքաէներգետիկ ոլորտում իրավիճակը կայուն է, որոշ ցուցանիշներ նույնիսկ աճ են արձանագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Եվրոպական երկրները փորձում են փոխարինել Ռուսաստանից ստացվող էներգառեսուրսները, սակայն դա հանգեցնում է գազի գների բարձրացման։ Կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նման գործողությունների հետևանքը կլինի գազի գնի աճը սփոթ շուկայում և վերջնական սպառողների, այդ թվում՝ տնային տնտեսությունների համար էներգառեսուրսների արժեքի բարձրացումը», - նշել է Պուտինը։
Այս ամենը, նրա խոսքով, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումները շատ ավելի մեծ վնաս են հասցնում հենց դրանք սահմանող երկրներին։
«Ես եվրոպական երկրների գործընկերներին բազմիցս զգուշացրել եմ նման հետևանքների մասին, նաև անձնական հանդիպումների ժամանակ: Բայց ոչ ոք չլսեց, նրանք արհամարհեցին մեր նախազգուշացումները: Սա հենց այն իրավիճակն է, որը մենք կանխատեսում էինք, այսօր այն իրողություն է»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նաև հայտարարել է, որ չնայած Արևմուտքի կիրառած աննախադեպ սահմանափակումներին` իրավիճակը ռուսական վառելիքաէներգետիկ բնագավառում կայուն է, որոշ ցուցանիշներով նույնիսկ աճ է արձանագրվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 135-րդ օրը։