ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ձեռնարկություններն աշխատում են ավիաշինության բաղադրիչների ներմուծման փոխարինման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Մյասիկովիչը հուլիսի 11-12-ին այցով կլինի Ուզբեկստանում։
«ԵԱՏՄ պետությունների ձեռնարկությունների ուժերով ավիացիոն բաղադրիչների ներմուծման փոխարինումը ամենաարդիական ուղղությունն է»,- ասել է Մյասնիկովիչը Ուզբեկստանի խորհրդարանի «Ժողովրդական խոսք» թերթին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ նախատեսվում է հստակեցնել այն ավիաբաղադրչների ցանկերը, որոնց պարագայում ներմուծումից ծայրահեղ կախվածություն կա, և ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների ուժերով դրանց արտադրությունը կազմակերպելու հնարավորություններ գտնել:
«Դա հիմք կդառնա քաղաքացիական ավիաշինության մեջ նոր կոոպերացիոն շղթաներ ստեղծելու համար»,- հավելել է Մյասնիկովիչը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ն միավորում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։ ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակ ունեն Ուզբեկստանը և Կուբան։