ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը խարդախության և պաշտոնեական անփութության դեպք է բացահայտել։
Ըստ հաղորդագրության` քաղաքացի Խ.Ա.-ի դուստրը` Ա.Ա.-ն, դիմում է ներկայացրել «Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների և այլ անձանց» հանձնաժողովին և նշել, որ իր հայրը, որը, ըստ նրա, մասնակցել է 44-օրյա պատերազմին, տնից դուրս է եկել, և այլևս տեղեկություն չունեն նրանից:
2020 թվականի նոյեմբերի 12-ին գրված դիմումի հիման վրա Խ.Ա-ն ընդգրկվել է անհետ կորած զինծառայողների կամ կամավորագրված անձանց անվանացանկում։
Ա.Ա.-ն 2021 թվականի հուլիսի 30-ին նույն հարցով Ա.Ա.-ն դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Նույն տարվա նոյեմբերի 22-ին նույն դատարանի վճռով Խ.Ա.-ն ճանաչվել է անհայտ բացակայող, և Խ.Ա.-ի գծով շահառուներ են ճանաչվել նրա դուստրերը՝ Ա.Ա.-ն և Ա.Ա.-ն։ Յուրաքանչյուրին վճարվել է 5.000.000 ՀՀ դրամ (որպես միանվագ գումար) և 500.000 ՀՀ դրամ (որպես 2022թ․ մարտ-հունիս ժամանակահատվածի ամսական վճար), ընդհանուր՝ 11.000.000 ՀՀ դրամ:
ՊՆ ՌՈ աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Խ.Ա.-ն 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում չի զորակոչվել, չի կամավորագրվել և չի զոհվել: Խ.Ա.-ն հայտնաբերվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում և պարզաբանել, որ դեռևս 2019թ. հուլիսին իր դուստրերին տեղեկացրել է, որ մեկնում է Արցախի Հովտաշեն համայնք՝ մշտական բնակության: Խ.Ա.-ն հայտնել է նաև, որ 44-օրյա պատերազմին չի մասնակցել:
Հաշվի առնելով, որ Ա.Ա.-ի, Ա.Ա.-ի և ՊՆ պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ ի հայտ են եկել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ (խարդախություն) և 550-րդ (զինվորական պաշտոնեական անփութություն) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ համապատասխան փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ)՝ հետագա ընթացքը որոշելու համար: