Չավուշօղլուն Լավրովի հետ քննարկել է ՄԱԿ-ի` հացահատիկային խնդրի կարգավորման մեխանիզմները

Մևլութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարարը հարցը քննարկել է նաև ուկրաինացի գործընկերոջ հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ինդոնեզիայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցելու ընթացքում քննարկել է ՄԱԿ-ի՝ հացահատիկի խնդրի կարգավորման մեխանիզմները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ սևծովյան նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու հարցում որոշակի շարժ կա, բայց տեխնիկական հարցեր էլ կան, որոնք Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ քննարկում են պահանջում։ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ եթե Մոսկվան ու Կիևը պայմանավորվածության հասնեն հացահատիկային խնդրի շուրջ, Ուկրաինայի ջրերից դուրս «անվտանգության գոտի» կստեղծվի:

«Մենք քննարկել ենք, թե ինչ կարող ենք անել ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի շրջանակում։ Մշտական կապի մեջ ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ուկրաինական կողմի հետ։ Երեկ հեռախոսազրույց եմ ունեցել ուկրաինացի գործընկերոջս հետ»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։

ՄԱԿ-ում բազմիցս հայտարարել են, որ հացահատիկի պակասի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիք է հասունացել, Արևմուտքը մեղադրում է Ռուսաստանին համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարումները խոչընդոտելու հարցում։ Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Ուկրաինայից հացահատիկն արտահանելու խնդիրներ չկան, և Ռուսաստանը որևէ կերպ չի խոչընդոտում։ Նրա խոսքով` եթե Ուկրաինան ականազերծի նավահանգիստները, հացահատիկով բեռնված նավերը կկարողանան այնտեղից դուրս գալ առանց որևէ խնդրի։
Լոնդոնը փորձում է պատրվակ գտնել, որպեսզի բրիտանական նավատորմը մտնի Սև ծով. Լավրով