ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել էստոնացի գործընկերոջ` Շուշի այցելելու կապակցությամբ

Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն Էստոնիայի խորհրդարանի խոսնակին Հայաստան է հրավիրել իրավիճակին տեղում ծանոթանալու և Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ հանդիպելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին: Ինչպես հայտնում են ԱԺ-ից, Սիմոնյանն անդրադարձել է Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Յուրի Ռատասի՝ այս տարվա մայիսի 24-ին Շուշի կատարած այցին՝ այն որակելով ծայրահեղ մտահոգիչ:
Սիմոնյանի խոսքով՝ հայաթափված Շուշիում Ռատասի հնչեցրած հայտարարությունները ոչ միայն չեն արտացոլում մեր երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների շունչը, այլև հակասում են Էստոնիայի պաշտոնական աջակցությանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:
ԱԺ նախագահը դեսպանին հայտնել է, որ այդ կապակցությամբ նամակ է հղել Էստոնիայի խորհրդարանի խոսնակին, որում բացատրել է հակամարտության էությունը և 2020 թ. աղետալի պատերազմի հետևանքները: Նա հույս է հայտնել, որ էստոնացի գործընկերն առաջիկայում կայցելի Հայաստան և տեղում կծանոթանա իրավիճակին, նաև կհանդիպի Լեռնային Ղարաբաղը ներկայացնող պաշտոնյաների հետ:
Էստոնիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կընձեռվի Էստոնիայի խորհրդարանի խոսնակի հետ քննարկելու առաջացած բոլոր հարցերը: Նա ԱԺ նախագահին է փոխանցել Էստոնիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերը, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը կրկնել է էստոնացի գործընկերոջը Հայաստանում տեսնելու ցանկությունը և սիրով ընդունել փոխադարձ հրավերը:
Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի
Նշենք, որ Շուշի կատարած այցի ընթացքում Յուրի Ռատասը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել էր քաղաքի «30-ամյա օկուպացիայի» մասին և պատմել, թե ինչպես են ադրբեջանցիները «վերականգնում իրենց հայրենի քաղաքը»։