Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ճապոնիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի նկատմամբ այսօր կատարված հարձակմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին, հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության հարցեր:

«Ճապոնիան մեզ համար կարևորագույն գործընկեր է, ու Հայաստանը շահագրգիռ է առևտրատնտեսական կապերի խորացմամբ, մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ, կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմամբ, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցության խորացմամբ»,- ասել է Սիմոնյանը:

Ճապոնիայի դեսպանը կարևորել է ինտենսիվ փոխգործակցությունը տարբեր մակարդակներում՝ նշելով, որ շատ հաճախ ժողովրդական դիվանագիտությունն ավելի արդյունավետ դեր է կատարում՝ աջակցելով դասական դիվանագիտությանը:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաև Ճապոնիայի նախկին վարչապետ Սինդզո Աբեի նկատմամբ այսօր կատարված հարձակմանը։