Զբոսաշրջիկների թիվը հունիսին գրեթե կրկնակի շատ է եղել. Քերոբյանը թվեր է ներկայացրել

Զբոսաշրջիկներ
129,9 հազար քաղաքացուց մոտ 57 հազարը Ռուսաստանից են ժամանել Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. 2022 թվականի հունիսին Հայաստան է այցելել մոտ 2 անգամ շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում (129 908՝ 64 101-ի դիմաց)։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` 129,908 հազար քաղաքացուց մոտ 57 հազարը ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից։
Նշենք, որ ՌԴ քաղաքացիները, որոնք Հայաստան են գալիս կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակության և աշխատելու նպատակով, նույնպես գրանցվում են որպես զբոսաշրջիկներ, քանի դեռ չեն հաշվառվել որպես մշտապես բնակվողներ (այսինքն՝ չեն ստացել գրանցում կամ կացության կարգավիճակ):
2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 594 139 զբոսաշրջիկ, ինչն ավելի քան կրկնակի շատ է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (246 021), բայց ավելի քիչ, քան նախաճգնաժամային տարիներին։ 2018-ի և 2019-ի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել ավելի քան 700 հազար զբոսաշրջիկ։
Նշենք, որ Հայաստանում որպես զբոսաշրջիկ են գրանցվում նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցները, որոնք գալիս են ամառային սեզոնին։