Փաշինյանը ԿԳՄՍ նախարարին հանձնարարեց հնարավորինս արագ նորոգել Բջնիի եկեղեցու պատը

Վարչապետը հայտնեց, որ հանձնարարականներ է տվել նաև Բջնիի ամրոցի ու դեպի ամրոց տանող ճանապարհի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Բջնիի 11-րդ դարի Սբ. Աստվածածին եկեղեցու պատը վթարային վիճակում է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ վերջին օրերին եղել է ՀՀ տարբեր վայրերում ու մի շարք արձանագրումներ արել։
Դիարբեքիրում 14-րդ դարի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին է բացվել վերականգնումից հետո
«Այնտեղ ես արձանագրեցի, որ հենքեր են դրել, որպեսզի պատը չփլուզվի։ Ես ԿԳՄՍ նախարարին հանձնարարել եմ իրականացնել այդ ծրագիրը։ Բարեբախտաբար պարզվեց, որ նման նախագիծ կա պատրաստի, և պետք է ընդամենը ֆինանսավորում ապահովել»,- աաց Փաշինյանը` Վահրամ Դումանյանին հանձնարարելով հնարավորինս արագ նորոգել եկեղեցու պատը։
Փաշինյանը հայտնեց, որ հանձնարարականներ է տվել նաև Բջնիի ամրոցի վերաբերյալ։

«Այնտեղ մենք ճանապարհի խնդիր ունենք. շատ բարդ ճանապարհ է, շատ մեծ թեքություն ունի։ Բայց պետք է ճանապարհը կառուցել, նորոգել, որպեսզի զբոսաշրջային ճանապարհն ամբողջությամբ իրացվի»,- ասաց նա։

ՀՀ վարչապետը նաև հայտնեց` տեղում արձանագրել է, որ խնդրահարույց է նաև հուշարձանի ներկայացման հնարավորությունը։ Նրա խոսքով` ամրոցը թաքնված է տարբեր այգիների մեջ, ուստի կարիք կա բանակցելու սեփականատերերի հետ` հուշարձանն առավել ներկայանալի դարձնելու համար։
Ողջաբերդի սողանքային գոտու վթարային տները կքանդվեն. բնակիչները փոխհատուցում կստանան
Փաշինյանը հայտնեց նաև, որ կառավարությունը նորոգում է Հրազդան-Բջնի ճնապարհը, որը տարիներ շարունակ չի նորոգվել։ Արդյունքում, ըստ նրա, զբոսաշրջային պոտենցիալը Աղվերան-Ծաղկաձոր հատվածում էականորեն կակտիվանա։
Հաջորդ տարի ծրագրվում է նաև Չարենցավան-Աղվերան ճանապարհի նորոգումը։