ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի, «Սպարտակի» և «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը քննադատել է միջազգային մրցաշարերից ռուսական ակումբներին հեռացնելու վերաբերյալ որոշումը։
«Ճի՞շտ է արդյոք, որ ռուս մարզիկներին հեռացրել են միջազգային մրցումներից։ Սա շատ սխալ որոշում է, մարզիկները կապ չունեն։ Քաղաքականությունն ու սպորտը պետք է տարանջատել իրարից։ Խայտառակ որոշում է»,- մարզիկի խոսքը մեջբերել է Metaratings պարբերականը։
Մովսիսյանը, այնուամենայնիվ, հույս ունի, որ շուտով ռուսներին թույլ կտան մասնակցել մրցաշարերին, և յուրաքանչյուր մարզիկ կկարողանա իր երկիրը ներկայացնել միջազգային ասպարեզում։ Նրա կարծիքով` տարօրինակ կլինի հանդես գալ այլ երկրում։
«Ինչպե՞ս եմ վերաբերվում այն մարզիկներին, որոնք կփոխեն քաղաքացիությունը Ռուսաստանի հեռացման պատճառով, որպեսզի շարունակեն ելույթ ունենալ։ Դու գիտես, որ ռուս մարզիկ ես և հանդես ես գալիս այլ երկրի անունից, դա ճի՞շտ կլինի։ Ո՛չ»,- կարծում է նա։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն մայիսի 2-ին մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը հեռացրել է ռուսական ակումբներին և հավաքականներին միջազգային մրցաշարերից։