Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է զբոսաշրջությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է զբոսաշրջության ոլորտը՝ որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Աշխատանքային այցով Իսպանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվու է, որ զրուցակիցներն ընդգծել են ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված Հայաստանի և ՄԱԿ ԶՀԿ միջև համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի իրականացման միջոցով։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող նախագծերի շուրջ։
Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է զբոսաշրջության ոլորտը՝ որպես կայուն զարգացման և բարեկեցության հիմք: Այս առումով նախարարը կարևորել է ՄԱԿ ԶՀԿ աջակցությունը, հատկապես՝ նորարարությունների, ներդրումների ներգրավման և գյուղական ու էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին: