ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով խարդախությամբ 270 000 դրամ հափշտակելու դեպք։ Կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ա. Ա.-ն իր ծանոթ Ս. Ա.-ին վստահեցրել է, թե ոստիկանության աշխատակիցներից մեկի միջոցով, 150 000 դրամ կաշառքի դիմաց, առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու կարող է կազմակերպել վարորդական վկայական ձեռք բերելու գործընթաց։
Ս. Ա.-ն ընդունել է առաջարկը, իր ծանոթի որդու համար վարորդական վկայական ձեռք բերելու համար 2022 թվականի փետրվարին Ա. Ա.-ին փոխանցել է 150 000 դրամ՝ ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար։
Դրանից հետո Ս. Ա.-ն ևս 120 000 դրամ կաշառք է տվել նույն անձին` իր եղբոր որդու համար վարորդական իրավունք ստանալու համար։
Ստանալով վերը նշված գումարները` Ա. Ա.-ն պարզապես հափշտակել է դրանք։
Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ա.-ին և Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել։ Երկու մեղադրյալներն էլ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:
Քրգործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հաստատվել է հսկողություն իրականացնող դատախազի կողմից և ուղարկվել դատարան: