ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության` քաղաքաշինության համար պատասխանատու գերատեսչությունները կզբաղվեն Հայաստանում տարբեր վայրերում կամայականորեն տեղադրվող խաչերով ու խաչքարերով։ Գործադիր մարմնի անդամներին այսօր կառավարության նիստում նման հանձնարարական տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում տարերային, նույնիսկ կարելի է ասել` խուճապային տեմպերով ինչ–որ խաչեր են հայտնվում` մի տեղ պլաստմասսայից, մի տեղ` երկաթից, մի տեղ` հին կահույքի կտորներից։ Մենք պետք է հասկանանք` ինչ է կատարվում, և ես հանձնարարական եմ տվել, որպեսզի տեղի ունեցող գործընթացը մենք ուսումնասիրենք ու գնահատական տանք»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը վստահեցրեց, որ գործընթացն իրականում ոչ մի կապ չունի ոչ միայն քաղաքաշինության, այլև քրիստոնեական հավատի հետ։
Նա անդրադարձավ նաև հայաստանյան ավտոճանապարհներին վթարի վայրում խաչքարեր տեղադրելու սովորույթին` այդ խնդիրը ևս դիտարկելով քաղաքաշինական չափորոշիչների, հանրության բարոյահոգեբանական ու օրենքի, ՃԵԿ կանոնների նկատմամբ հարգանքի տիրույթում։
«Մենք պետք է հասկանանք, թե այդ ամենն ինչքանով է տեղավորվում օրենքի տրամաբանության մեջ։ Քաղաքաշինությունը ցանկացած երկրում խստորեն կանոնակարգվող ոլորտ է։ Ցավոք, Հայաստանում գործընթացը մեծ մասամբ շրջանցվում է, գուցե նաև այն պատճառով, որ մեզ մոտ ընթացակարգերը արհեստականորեն ձգձգված, բարդացված են»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը շեշտեց, որ Հայաստանում քրիստոնեական հուշարձաններից շատերը փլուզման եզրին են, ու կոչ արեց կամայական հուշաքարեր տեղադրելու փոխարեն գումար նվիրաբերել իրական հուշարձանների պահպանության ու վերականգնման համար։