Իրանը սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակմանը. Փաշինյանն ընդունել է Ալի Շամխանիին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին
Զրուցակիցները նշել են, որ տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացման հիմքը տնտեսական կապերի ամրապնդումն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վարչապետը կարևորել է Իրանի հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների շարունակական զարգացումը: «Ուրախ եմ արձանագրել, որ Իրանի նախագահ պարոն Ռայիսիի հետ մեզ հաջողվել է շատ լավ աշխատանքային մթնոլորտ ձևավորել: Ուրախ եմ տեսնել, որ մեր մյուս գործընկերների միջև ևս աշխատանքային լավ հարաբերություններ կան, ինչը հարիր է երկու հարևան ու բարեկամ պետություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ օրակարգային հարցերի համատեքստում պարոն Շամխանիի այցը կլինի արդյունավետ:
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ Իրանը ևս շահագրգիռ է զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային մի շարք հարցերի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ: Ալի Շամխանին ընդգծել է, որ Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ և նշել, որ իր երկիրը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:
«3+3» ձևաչափով հաջորդ նիստը կանցկացվի Իրանում. Բայրամով
Զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացման հիմքը տնտեսական կապերի ամրապնդումն է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալի Շամխանին կարևորել են առևտրաշրջանառության, ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում առկա փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին ընդունել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։