ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն այսօր որոշել է տուգանել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի կայքում։
Ըստ հաղորդագրության` հանձնաժողովն արձանագրել է «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմի ընթացքում համամարդկային արժեքների նսեմացման և վարկաբեկման կադրեր, ինչպես նաև գռեհկաբանություն և հայհոյախոսություն պարունակող տեսալսողական հաղորդման հեռարձակման սահմանափակումների խախտման փաստեր։
Ընկերությունն իր ներկայացրած գրավոր պարզաբանման տեքստում նշել է նաև, որ արձանագրության մեջ նշված խախտումները, այն է՝ հայհոյանք, հնչել են «Երկիր մեդիայի» ուղիղ հեռարձակում իրականացնելու ժամանակ։ «Բողոքի ակցիաները Երևանում և մարզերում շարունակվում են» խորագրով ուղիղ միացումը պարունակել է հայհոյախոսություն։ Տեղում աշխատող լրագրողն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել կանխելու կամ իրավախախտման հեղինակին զգուշացնելու արարքի անթույլատրելիության մասին։
Այդուհանդերձ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է «Հուսաբեր» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժ` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով։