ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը մեծ ծավալների է հասել. Ֆիդանյան

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը. Արխիվային լուսանկար
ԱԺ–ն ընդունեց ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը հատկապես վերջին 2 ամսում ահռելի ծավալների է հասել, էապես ավելացել են նաև նույնականացման քարտ ստանալու համար դիմողները:
Այս մասին խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
«Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով ընդլայնել պարզեցված կարգով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում»,- նշեց Ֆիդանյանը:
Նա նաև շեշտեց, թե ինչու է հարցի քննարկումը հրատապ. այս տարվա ընթացքում, հատկապես վերջին 2 ամսում ահռելի մեծ ծավալների են հասել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը:
2021 թվականի ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 հազար 635 քաղաքացի, իսկ միայն 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն 105 հազար 169 քաղաքացի: Բավականին աճել է նաև բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը: Նրանց թիվը 2021-ին եղել է 9, իսկ 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն իսկ 14:
ԱԺ նիստում նախագիծն ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 58 կողմ ձայն: