Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու նոր մարտահրավերները չեն կարող չանհանգստացնել իրանական կողմին, ուստի հարևան երկրի գրեթե բոլոր գործողությունները` թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական, պետք է դիտարկել հենց այդ համատեքստում։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը, մեկնաբանելով ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանի այցը Երևան։
Նրա կարծիքով` առկա մարտահրավերների դեմ հանդիման ոչ միայն Հայաստանն է, այլև մեր երկրի հանդեպ բարեկամական զգացմունքներ տածող այնպիսի պետություններ, ինչպիսիք են Իրանն ու Ռուսաստանը, հետևաբար նշված պետությունները ցանկանում են նախևառաջ լուծել անվտանգության հետ կապված խնդիրները, հասկանալ հայկական կողմի դիրքորոշումներն ու անհրաժեշտության դեպքում նաև համատեղ ծրագրեր և գործողություններ իրականացնել։
«Մեր տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդումը համահունչ է Իրանի աշխարհաքաղաքական շահերին, և դա երևում է հատկապես Սյունիքի մարզի նկատմամբ ադրբեջանաթուրքական նկրտումներին դիմակայելու առումով։ Պաշտոնական Թեհրանը խստագույնս դեմ է ՀՀ–ի միջազգայնորեն ճանաչված սահմանների որևէ փոփոխության` լինի ռազմական ներխուժման, թե զանազան միջանցքներ բացելու տեսքով, հետևաբար փորձում է սեփական գործիքակազմի կիրառմամբ ապահովել իր աշխարհաքաղաքական շահերը նշված տիրույթում»,– ասաց իրանագետը։
Ոսկանյանն ընդգծեց, որ մյուս կողմից Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը չի բխում Իրանի շահերից, քանզի նրան ձեռնտու է, որ պահպանվի ուժերի հավասարակշռությունն անխտիր բոլոր ոլորտներում, հետևաբար այս տեսանկյունից իսկապես կարևոր են Հայաստանի հետ համատեղ իրականացվելիք ծրագրերը։
Որպեսզի մեր դաշնակիցները կարողանան գործելու ավելի լայն տիրույթ ունենալ, Հայաստանից, Ոսկանյանի պնդմամբ, պետք է հնչեն շատ հստակ ուղերձներ, այսինքն հայկական կողմը պետք է միջազգային տիրույթում հանդես գա նախաձեռնություններով՝ բարեկամ և դաշնակից երկրների հետ համագործակցությամբ դատապարտելով և հասնելով ադրբեջանական բաշիբոզուկների դուրսբերմանը ՀՀ տարածքից։
Պաշտոնական Երևանը պետք է շատ հստակ արտահայտվի նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ` բացառելով նրա գտնվելն Ադրբեջանի կազմում։ Իրանին գործելու համար պետք են ոչ միայն սեփական ռեսուրսները, բարի կամքը, այլև հայկական կողմից եկող հստակ ուղերձները։
Հիշեցնենք, որ Ալի Շամխանին Հայաստան է ժամանել այսօր՝ հուլիսի 7-ին, նրան դիմավորել է Արմեն Գրիգորյանը։