ԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալը. ԱԺ–ն ընդունեց նախագիծը

Ազգային ժողով
Սուրեն Պապիկյանի խոսքով` շատ էական է ուղղաձիգ կառավարման գոյությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: ԱԺ-ն 58 ձայնով ամբողջությամբ ընդունեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նշենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը, սակայն, չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ:
Պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները նորովի են շարադրվում, առանձին սահմանվում են զորահավաքային պատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում, խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը:
«Փաթեթը միտված է ՊՆ-ում, ԶՈւ-ում կառավարումն ավելի արդյունավետ դարձնելուն, շատ էական է այստեղ ուղղաձիգ կառավարման գոյությունը, որը բերելու է նրան, որ մենք կարողանալու ենք առաջին ձեռքից ավելի մանրամասն քաջատեղյակ լինել մեր կողմից իրականացվող քաղաքացիական վերահսկողությանը»,- Ազգային ժողովում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
ԶՈւ ապահովումների գործընթացում պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈւ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը:
«Այո՛, ԶՈւ–ն պետք է ենթարկվի նախարարին և գերագույն հրամանատարին». Պապիկյանը` բանակի մասին
Հիշեցնենք, որ 2022թ–ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը մնում է թափուր։ Այդ օրը Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվել էր ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։
Ստեղծում ենք ռազմական ակադեմիա. Սուրեն Պապիկյանը` համալսարանների միավորման մասին