ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված «Օնիրա Քլաբ» խաղատունը ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ կազատվի 2020 թ–ից ի վեր չվճարած 4.2 մլրդ դրամ հարկային պարտավորությունից։
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, հայտնեց, որ խնդիրը ծագել է 2020թ–ին, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանի ամբողջ տարածքում արգելվել էր խաղատների գործունեությունը։ Փոխնախարարը հիշեցրեց, որ Հայաստանում խաղատները տարեկան 1.75 մլրդ դրամ գումար են վճարում լիցենզավորված գործունեության համար։
«Ֆինանսների նախարարի` 2020 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 350-Ա հրամանով «Օնիրա Քլաբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված լիցենզիան կասեցվել է պետական տուրքը չվճարելու հիմքով։ Ընկերությունը վիճարկել է նախարարի հրամանը, դատական գործընթացներ են սկսվել։ Այնուհետ ֆինանսների նախարարությունն ի վնաս իրեն, այսինքն` հօգուտ ընկերության կայացրած որոշումը վիճարկել է վերաքննիչ դատարանում։ Հարցն ի վերջո հանգուցալուծվել է վճռաբեկ դատարանում մայիսի 18-ին կայացրած որոշմամբ, որով ընկերության օգտին կայացրած վճիռը մտել է ուժի մեջ»,– ասաց Պողոսյանը` նշելով, որ այդ որոշմամբ խաղատունն ազատվել է 2020թ–ից ի վեր կուտակված 4.2 մլրդ դրամ պետտուրքը վճարելու պարտավորությունից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, որ խաղատունը չաշխատելով պետք է տուրք վճարեր, ինչի հետ չի համաձայնել ու դիմել է դատարան։
«Եթե մենք հիմա այս կետի վրա կանգնենք, նույն պրոցեսի մեջ ենք մտնելու, այսինքն` փակուղին շարունակվելու է»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ պետտուրքի վճարումն իր վրա վերցնելով` պետությունը փաստորեն աշխատանքը զրոյական պարտավորությամբ վերսկսելու հնարավորություն է տալիս խաղատանը։ Ընդ որում` ոչ թե որոշման կայացման պահից, այլ 2022թ–ի հոկտեմբերի 1-ից, քանի որ ընկերությունը ժամանակ է խնդրել բիզնեսը վերականգնելու համար։
Նշենք, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն ներկայացնում է նաև «Փարավոն» հանգստի և ժամանցի համալիրը։