Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ կան. փաստաբաններ

Ավետիք Չալաբյանը դատավարության ընթացքում. Արխիվային լուսանկար
Չալաբյանի փաստաբաններն առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես կգան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ ոչ միայն չկան, այլ նաև առկա են նրա անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Չալաբյանի փաստաբանական խումբը` ի պատասխան ՔԿ–ի երեկ հրապարակած հաղորդման։
ՔԿ–ն երեկ հայտնել էր, որ Չալաբյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է։ Նշվում էր, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել:
«Նախաքննության ավարտով պայմանավորված` պաշտպանական թիմը ծանոթացել է գործի նյութերին և ներկայացրել մի շարք միջնորդություններ։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո, ինչպես և ակնկալվում էր, պարզ դարձավ, որ ոչ միայն չկան Չալաբյանի մեղքը հիմնավորող ապացույցներ, այլ ճիշտ հակառակը՝ առկա են Ավետիք Չալաբյանի անմեղությունը հավաստող բազմաթիվ փաստական տվյալներ։ Դրանք հրապարակային դատաքննության արդյունքում կհանրայնացվեն և կդառնան անպատասխան մնացած բոլոր հարցերի պատասխանները»,–ասված է Չալաբյանի փաստաբանների հայտարարության մեջ։
Միաժամանակ, փաստաբանները նշում են, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատելուց և դատարան ուղարկելուց հետո հանդես կգան մամուլի ասուլիսով:
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։