«Ավելի շատ են ուզում»․ Պենտագոնը՝ Ուկրաինային ռազմական օգնություն տալու մասին

Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 6,8 մլրդ դոլար ռազմական օգնություն, որից 6,1 մլրդ դոլարը հատկացվել է փետրվարի 24-ից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Որքան շատ է Ուկրաինան ռազմական օգնություն ստանում արևմտյան երկրներից, այնքան ընդլայնում է իր խնդրանքները։ Այս մասին ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հեռախոսային ճեպազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Նրանք ուզում են ուղղաթիռներ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Որքան շատ են ստանում, այնքան ավելի շատ են ուզում», - ասել է նա։
Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 6,8 մլրդ դոլար ռազմական օգնություն, որից 6,1 մլրդ դոլարը հատկացվել է փետրվարի 24-ից հետո՝ ռուսական ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։
Ռուսաստանի Դաշնությունը բողոքի նոտա է հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։