Առողջապահության նախարարությունը չի պատրաստվում վերանորոգել Բարեկամավանի բուժկետը

Բարեկամավանի բուժկետը
Գյուղի բուժկետի շենքն անմխիթար վիճակում է` պատերը փտում են, ծեփը` թափվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Բուժհաստատությունների արդիականացման 2021-2026 թթ. ծրագիրը չի ներառում Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի բուժկետի վերանորոգումը։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ավելի վաղ գրել էինք, որ բուժկետի շենքն անմխիթար վիճակում է` պատերը փտում են, ծեփը` թափվում։ Անձրևները լցվում են բուժկետ, պատերը բորբոսով ու սնկով են պատված։
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Բարեկամավանի բուժակ–մանկաբարձական կետն (ԲՄԿ) ընդգրկված է «Ս. Մելիքյանի անվան Կոթիի գյուղական բժշկական ամբուլատորիա» ՊՈԱԿ կազմում։
«Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ առողջապահության նախարարության գործունեության միջոցառումների ծրագրով սահմանված է այն առողջապահական հաստատությունների ցանկը, որոնք ենթակա են արդիականացման 2021-2026 թթ. ընթացքում։ Համաձայն որոշման` ԲՄԿ–ների արդիականացում չի նախատեսվում»,– հայտնում են գերատեսչությունից։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ԲՄԿ–ները մարզային ենթակայությամբ գործող առողջության առաջնային պահպանման հաստատությունների ստորաբաժանումներ են` առողջապահության նախարարությունը խորհուրդ է տվել Բարեկամավանի ԲՄԿ–ն սուբվենցիոն ծրագրերի շրջանակում վերանորոգելու հարցով դիմել Տավուշի մարզպետարան։
Նշենք, որ մենք նաև մարզպետարան ենք հարցում ուղարկել։