Անվտանգության նպատակով Հայաստանի ողջ տարածքում կներդրվի ռադիոմոնիթորինգի համակարգ

Հայաստանում այսօր գործող համակարգերը նախատեսված չեն 3G և 4G սերնդի հաճախականությունների ստուգման ու նույնականացման համար, իսկ մոտ ապագայում 5G տեխնոլոգիաներին անցումը կարող է ռադիոհսկման ոլորտում առաջացնել քաոսային իրավիճակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Հայաստանի ողջ տարածքում կներդրվի ռադիոմոնիթորինգի համակարգ` անվտանգության նպատակով։
Այս մասին որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում։ Որոշմամբ հաստատվել է, որ ծրագիրն իրականացնելու է գործադրի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Rohde & Schwarz» գերմանական ընկերությունը։
Կառավարության որոշման համաձայն` ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրումը կլուծի բազմաթիվ խնդիրներ՝ կապված ավիացիոն և ավտոմոբիլային ռադիոնավիգացիոն համակարգերի անխափան գործունեության, բջջային կապի և հեռուստառադիոծրագրերի հեռարձակման ծառայությունների անխափան և որակյալ մատուցման հետ:
Այն նաև հնարավորություն կտա ՀՀ ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում արագ կհայտնաբերվեն և կբացառվեն ապօրինի ռադիոհեռարձակումները, ռադիոխանգարումներ առաջացնող վնասակար սարքերի ու համակարգերի աշխատանքը` եթերը զերծ պահելով վնասակար խանգարումներից: Համակարգը ծառայելու է նաև ԱԱԾ–ի ու ՊՆ–ի որոշակի օպերատիվ խնդիրների լուծմանը։
Կառավարությունը նաև հայտնում է, որ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ ռադիոմոնիթորինգի համակարգի տեխնիկական արդիականացում չի իրականացվել:
Ռադիոեթերի շուրջօրյա ռադիոմոնիթորինգ այժմ իրականացվում է միայն Երևան քաղաքում, որի համար տեխնիկական բազա է հանդիսանում 2002 թվականին կանադական Aerosystems International ֆիրմայի կողմից տեղակայված ռադիոմոնիթորինգի համակարգը, իսկ Գյումրի և Վանաձոր քաղաքներում ռադիոմոնիթորինգն իրականացվում է 8-ժամյա աշխատանքային ռեժիմով և մինիմալ տեխնիկական հնարավորություններ ունեցող մեկական կայաններով:
ՀԱՊԿ–ը մինչ օրս մոնիթորինգ չի իրականացրել Սոթք–Խոզնավար հատվածում. Փաշինյան
Նշված սարքավորումները, ի դեպ, նախատեսված չեն 3G և 4G սերնդի հաճախականությունների ստուգման ու նույնականացման համար, իսկ մոտ ապագայում 5G տեխնոլոգիաներին անցումը կարող է ռադիոհսկման ոլորտում առաջացնել քաոսային իրավիճակ, երբ հնարավոր չի լինի նույնականացնել և վերացնել ռադիոխանգարումների աղբյուրները: