Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի. Փաշինյան

Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, առանձնացված անասնապահական ու բնակելի հատվածներով: Այն նախատեսվում է հիմնել Կապսի ջրամբարի կառուցումից հետո 3 տարվա ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Կապսի ջրամբարի կառուցման ու Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի տեղափոխման ծրագրին։

«Հույս ունենք, որ գործընթացները մեր պլանավորածով կընթանան, և այնտեղ մենք ՀՀ պատմության մեջ առաջին անգամ, ըստ էության, նոր գյուղ ենք կառուցելու։ Շատ կարևոր է, որ այդ նախագիծը հաջող ընթանա, և մենք կարողանանք այնտեղ 21-րդ դարի գյուղի մոդել ներդնել ու քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը համապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին ու պահանջներին»,- ասաց վարչապետը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Կապսի ջրամբարի շինարարության ծրագրի նախագծման փուլն արդեն ավարտվել է, առաջիկայում շինարարական ընկերությունը կառավարությունից կանխավճար կստանա։ Բացի այդ, նրա խոսքով, ևս 3.5 մլն դրամի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։
Հիշեցնենք` Կապսի ջրամբարի կառուցումը մեկնարկել է դեռ խորհրդային տարիներին, սակայն այդպես էլ ավարտին չի հասցվել։ Ջրամբարի կառուցումը տարիներ առաջ ներառվել էր ԱՄՆ-ի կողմից իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որը սառեցվեց 2008-ի հետընտրական դեպքերից հետո։
2018թ-ի հեղափոխությունից հետո ծրագրի իրագործման համար 60 միլիոն եվրոյի վարկ է տրամադրել գերմանական KFW բանկը։
Գյուղն ու հողը սիրեցիր՝ սոված չես մնա. «Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
Ջրամաբարի կառուցման նպատակով նախատեսվում է հարակից համայնքներից գյուղատնտեսական հողեր ձեռք բերել, իսկ 350 բնակիչ ունեցող Ջրաձոր գյուղն ընդհանրապես կտեղափոխվի։
Ջրաձորը տուժել է 1988-ի երկրաշարժից ու այլևս չի վերականգնվել, քանի որ այն նախատեսված էր քանդել դեռևս ջրամբարի կառուցման խորհրդային նախագծով։
Գյուղի տեղափոխման և նոր գյուղի կառուցման համար, կառավարության հաշվարկով, շուրջ 5 մլրդ դրամ կպահանջվի։
Նոր գյուղը պետք է լինի ժամանակակից դիզայնով, առանձնացված անասնապահական ու բնակելի հատվածներով։ Այն նախատեսվում է հիմնել ջրամբարի կառուցումից հետո 3 տարվա ընթացքում։