ՌԱԴԻՈ

Զորավարժանքներն ավելացնելով` ՆԱՏՕ–ն փորձում է ամրացնել Վրաստանի ռազմաքաղաքական բաղադրիչը

Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժությունների պարբերականությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրի անդամակցելու հեռանկարին։
Sputnik
Վրաստանը թեև ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ–ին, այդուհանդերձ տեսանելի ապագայում մեր հարևան երկիրը Հյուսաստնատյան դաշինքի անդամ չի դառնա, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը։
Ըստ նրա` Վրաստանում թեև խոսվում է ՆԱՏՕ–ի զորավարժանքների հաճախականությունն ավելացնելու մասին, սակայն հարաբերությունների ձևաչափի փոփոխություն դեռ չի ակնկալվում։
Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վինիկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Վրաստանում կավելացնի զորավարժությունների հաճախականությունը, ուստի մտածում է համագործակցության փաթեթում մի քանի նոր աշխատանքային տարածքներ ավելացնելու մասին` փորձելով վարժանքներ անցկացնել 2 տարին մեկ անգամ` 3-ի փոխարեն։
«Վրաստանում ՆԱՏՕ–ի զորավարժություններում առանձնահատուկ մեծ բան չկա, երկուստեք հարաբերությունների զարգացումը շարունակվում է` ընդգրկելով նոր փաթեթներ ու համագործակցության նոր ուղիներ։ Հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական դրությունը` ՆԱՏՕ–ն հայտարարում է, որ Վրաստանը մենակ չէ և անելու է ամեն ինչ այդ երկրի ռազմաքաղաքական բաղադրիչներն ամրապնելու և իրենց չափանիշներին համապատասխանեցնելու համար»,– նշեց վրացագետը։
Մելիքսեթյանը հիշեցրեց, որ ՆԱՏՕ–ի հրամանատարաշտաբային զորավարժություններն առաջին անգամ Վրաստանում անցկացվեցին 2016 թվականին, ընթացիկ տարում նման զորավարժություններ նույնպես անցկացվել են, որի նպատակը Վրաստանի պաշտպանության ուժերին ինքնուրույն վարժանքներ պլանավորելու հարցում աջակցություն ցուցաբերելն է։ Եթե սկզբում վրացիներին օգնում էին տարբեր երկրների հրահանգիչները, ապա այսօր հարևան երկրի ԶՈւ ներկայացուցիները պնդում են, որ մարտին կայացած վարժանքների ժամանակ իրենք ամբողջովին կարողացել են նախագծել ու իրականացնել աշխատանքները։
«Դաշինքի անդամները գրեթե բոլոր գագաթնաժողովներում վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որ Վրաստանն ու Ուկրաինան մի օր կանդամակցեն ՆԱՏՕ–ին, սակայն վերահաստատումներն ու պրակտիկ գործողությունները տարբեր բաներ են։ Այստեղ ավելի շատ գերիշխում են քաղաքական հարցերը, քան թե ռազմատեխնիկական խնդիրները, և այդ մասին երբեմն բարձրաձայնում են հենց դաշինքի ներսում։ Վերջերս Անգելա Մերկելը հայտարարեց, որ աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով որոշ ժամանակ առաջ Գերմանիան կասեցրեց Վրաստանի անդամակցության գործընթացը, ինչը ևս վկայում է, որ տվյալ հարցն ավելի շուտ ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ»,– ասաց Մելիքսեթյանը։
Ցուցարարները փորձել են տապալել Վրաստանի կառավարության նիստը. տեսանյութ
Նշենք, որ ընթացիկ տարվա մարտի 20-25-ը Վրաստանում տեղի ունեցան Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց մասնակցեցին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ և գործընկեր 23 երկրների ներկայացուցիչներ: