Թեզը, թե ԼՂ հակամարտությունը կարգավորված է, նշանակում է իրավունքը մահացել է. Գրիգորյան

Հռիփսիմե Գրիգորյանը. Արխիվային լուսանկար
Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովուրդը զոհ է ահաբեկչության և ռազմական հանցագործությունների` անգամ այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև: ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը, տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Առաջ մղել թեզ, թե հակամարտությունը կարգավորված է, փաստացի նշանակում է ստիպել ձեզ բոլորիդ ընդունել, որ միջազգային իրավունքը մահացել է»,–ասել է Գրիգորյանը։
Նա նշել է նաև, թե իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում, քանի որ չեն վերացել ո՛չ մարդիկ, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում, ո՛չ նրանց անվտանգային խնդիրներն ու իրավունքները:
Ըստ Գրիգորյանի` երբ թույլ են տալիս չհասցեագրել այս խնդիրները, կանաչ լույս են վառում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք Ադրբեջանի ղեկավարն է ասել, որ «եթե հայերը չհեռանան մեր հողերից իրենց կամքով, ապա մենք նրանց կքշենք շների պես»:
Գրիգորյանը հավելել է, որ դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ, և այս առումով, ո՛չ քաղաքականությունը, ո՛չ որևէ գումար չեն կարող ավելի թանկ լինել, քանի մարդկային կյանքերը։