ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Սաուդյան Արաբիան չի հյուրընկալի «Միջազգային բանակային խաղեր-2022» (ArMI-2022) մրցույթը, որը պետք է անցկացվի օգոստոսի 13-27-ը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ապրիլի վերջին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ 13 պետություններ պատրաստ են ընդունել «Միջազգային բանակային խաղեր-2022»–ը, այդ թվում` Սաուդյան Արաբիան, որը պետք է անցկացներ նաև «Ճանապարհային պարեկ» մրցումը։
«Մրցումները կանցկացվեն 12 պետությունների տարածքում՝ Ադրբեջան, Ալժիր, Հայաստան, Բելառուս, Վենեսուելա, Վիետնամ, Իրան, Հնդկաստան, Ղազախստան, Չինաստան, Ռուսաստան, Ուզբեկստան: Առաջին անգամ «Միջազգային բանակային խաղեր-2022»–ի մրցումներից մեկը կանցկացվի հարավամերիկյան մայրցամաքում։ «Դիպուկահարի բնագիծ» մրցումն էլ վստահված է Վենեսուելային», - նշված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` «Ճանապարհային պարեկ» մրցումն այժմ կանցկացվի Ուզբեկստանում։