ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Մոսկվան մտադիր է հետևողականորեն ընդլայնել նավթի, նավթամթերքի և բնական գազի աշխարհագրությունը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, որը վերաբերում է Ինդոնեզիայում G20-ի արտգործնախարարների խորհրդին Սերգեյ Լավրովի առաջիկա մասնակցությանը։
«Ռուսաստանը նպաստում է պարենային և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը` բարեխղճորեն կատարելով պայմանագրային իր պարտավորությունները։ Այս տարի մտադիր ենք մոտ 50 մլն տոննա հացահատիկ ուղարկել արտասահման։ Հետևողականորեն ընդլայնելու ենք նավթի, նավթամթերքի և բնական գազի արտահանման աշխարհագրությունը», – նշում է ԱԳՆ–ն։
Ըստ գերատեսչության` պարենի, պարարտանյութի և վառելիքի պակասուրդը լրջորեն սրվում է Արևմուտքի միակողմանի ոչ լեգիտիմ պատժամիջոցների պատճառով։
«Դրանց կործանարար հետևանքների հիմնական բեռն ընկնում է այն զարգացող երկրների վրա, որոնք ինքնապահովման բավարար ռեսուրսներ չունեն։ Շարունակելու ենք դրանց ամբողջական չեղարկմանը հասնելու քաղաքականությունը և պահպանել բազմակողմանի առևտրի բաց բնույթը», – ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 133-րդ օրը։