ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է նրան Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կառավարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հայտնեց, որ Փաշինյանն ու Պուտինը զրուցել են հեռախոսով։
«Շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտների քննարկումը: Կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային-լոգիստիկ կապերի վերականգնման հարցերի շուրջ», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանի վարչապետն ու ՌԴ նախագահը հեռախոսով խոսել էին հունիսի 1-ին. Պուտինը Փաշինյանին շնորհավորել էր ծննդյան օրվա կապակցությամբ։ Զրուցակիցներն անդրադարձել էին երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին: