ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տեղեկացվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին:
Կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը ընթացքը:
ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի գործունեության, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ:
Վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել հունիսի 1-ին։ ՌԴ նախագահը շնորհավորել էր ՀՀ վարչապետին ծննդյան օրվա կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել էին նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: