ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. Արցախից տեղահանվածները ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօրվանից նստացույց են սկսել, նշում են` պայքարը երկարատև է լինելու։
Նրանք շարունակում են պահանջել իրենց փախստականի կարգավիճակ տրամադրել, ինչպես նաև ճանաչել Արցախի անկախությունը կամ միացնել Հայաստանն ու Արցախը։
«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրիյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ հավաքվածները հիմնականում Հադրութից են, մարդիկ կան նաև Շուշիից։
«Այսօրվանից սկսել ենք մեր նստացույցը, դեռևս այստեղ կմնանք (կառավարության շենքի մոտ), վաղվա համար էլ դեռ կորոշենք։ Մենք դեռևս պահանջ չենք ներկայացրել, որ մեզ հետ գան հանդիպման, բայց եթե նման առաջարկ լինի` կընդունենք։ Եկել ենք այստեղ, որ ուշադրություն հրավիրենք մեր խնդրին»,– նշեց Հայրիյանը։
Արդյունքի չհասնելու դեպքում արցախցիները պատրաստվում են գնալ և իրենց բողոքն արտահայտել նաև ՄԱԿ–ի գրասենյակի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատների մոտ։
Տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ` Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։
ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ ներքին տեղահանվածներն այն անձինք են, որոնք հարկադրված փախել կամ լքել են իրենց տները կամ սովորաբար բնակվելու վայրերը, մասնավորապես` զինված ընդհարումների, համատարած բռնության իրավիճակների, մարդու իրավունքների խախտումների կամ բնական կամ մարդածին աղետների պատճառով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված որևէ պետական սահման։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանվածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության, ՀՀ–ում տարբեր երկրների դեսպանատների, ՄԱԿ–ի գրասենյակի շենքերի մոտ և պահանջում են իշխանություններից իրենց որևէ կարգավիճակ տալ։